Հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը կարող է հեռանալ Արքայական ակումբից: Մինչմրցաշրջանային հանդիպումների ընթացքում հոլանդացին շատ քիչ խաղային ժամանակ է ստացել: Նրա դիրքում կան չորս ֆուտբոլիստներ՝ Կանալեսը, Գռաներոն, Կական (նա խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերին կամ հունվարին) և ինքը Վան դեր Վաարտը: Եթե ակումբը պայմանագիր ստորագրի Մեսութ Օզիլի հետ, ապա հոլանդացու մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորությունն էլ ավելի կնվազի: Վերջին մարզման ընթացքում Վան դեր Վաարտը մոտ հինգ րոպե իր ապագայի մասին խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ: Նախորդ մրցաշրջանում հոլանդացին հայտնվել էր նման իրավիճակում, երբ տրանսֆերի էր հանվել, քանի որ հիմնական կազմում խաղում էր Կական: Սակայն այն ժամանակ Ռաֆայելի կնոջ մոտ կրծքի քաղցկեղ էր հայտնաբերվել, որը նա բուժում էր Մադրիդում: Ակումբի ղեկավորությունը ըմբռնումով մոտեցավ այդ իրավիճակին, քանի որ Ռաֆայելի կնոջն անհրաժեշտ էր մնալ Մադրիդում: Այժմ իրավիճակը փոխվել է: Վան դեր Վաարտի կինն արդեն ապաքինվել է և Մադրիդում մնալու անհրաժեշտություն չունի: Վան դեր Վաարտը, որը ժամանակին «Համբուրգի» կազմում հիանալի ելույթներ է ունեցել գերմանական Բունդեսլիգայում, նոր ակումբ գտնելու հետ կապված դժվարություններ չի ունենա: ԱՂԲՅՈՒՐ`realmadrid.am www.footballist.ucoz.com