Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի թերագնահատել Էրկուլեսի ուժերը, որի հետ իր թիմը կմրցի Կամպ Նոուում Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում:
Այն ակումբները, որոնք դեռ նոր են դուրս եկել բարձրագույն դիվիզիոն, միշտ նոր մրցաշրջանի առաջին հանդիպումներին դաշտ են դուրս գալիս հիանալի տրամադրվածությամբ: Ի դեպ, ուզում եմ շնորհավորել Ալիկանտեի թիմին Պրիմերա վերադառնալու կապակցությամբ: Էստեբան Վիգոն հիանալի աշխատանք է կատարել: Առաջիկա հանդիպմանը նրա սաները կորցնելու ոչինչ չունեն, քանի որ ոչ ոք նրանց վրա ճնշում չի գործադրում: Դա շատ արժանի և փորձառու թիմ է: Նրանց հաղթելու համար մենք պետք է լավ մակարդակ ցույց տանք: Կարծում եմ, երկրպագուներին հետաքրքիր մրցավեճ է սպասվում, - հայտարարել է Գվարդիոլան իսպանացիների պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
Հարկ է նշել, որ 13 տարի առաջ, երբ Էրկուլեսը վերջին անգամ հանդես էր գալիս Բարսելանայի հետ միևնույն լիգայում, համեստ կարգավիճակը չխանգարեց նրան երկու անսպասելի հաղթանակ տոնել գրանդի հանդեպ: Եվ այդ երկու հաղթանակներն էլ կամային էին. 1997թ. հունվարին կապտասպիտակավունները Կամպ Նոուում կարողացան 0:2 հաշիվը վերածել 3:2-ի, իսկ այնուհետև գրեթե նույն կերպ հաղթել հունիսին Խոսե Ռիկո Պերեսում (2:1` 0:1-ից հետո):
armsport.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR