Արսենալի կիսապաշտպան Տեո Ուոլկոտը Անգլիայի հավաքականի խաղի ժամանակ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք հանդիպումները:
Եվրո-2012”-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ հանդիպմանը անգլիացի ֆուտբոլիստին պատգարակով են հանել դաշտից: Այդ վնասվածքի գնով 21-ամյա հարձակվողը օգնել է Ուեյն Ռունիին գոլի հեղինակ դառնալ: Այս խաղից հետո Ֆաբիո Կապելոն հայտարարել էր, որ Ուոլկոտը երկու շաբաթ չի խաղա: Սակայն լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ վերականգնման համար շատ ավելի ժամանակ հարկավոր կլինի:
Տեսնելով, թե ինչպես Ուոլկոտը վնասվածք ստացավ, ես մտածեցի, որ պարզապես երեք-չորս օրվա հարց է, - հայտարարել է Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, - ցավոք, վերականգնման համար 1-1,5 ամիս անհրաժեշտ կլինի: Հիմա մեզ պետք է լցվել համբերությամբ և սպասել:
Բացի Ուոլկոտից հիվանդանոցում է գտնվում նաև Ռոբին վան Պերսին, ով ևս նույն ժամանակահատվածում կվերադառնա: Ուոլկոտը հիանալի էր սկսել այս մրցաշրջանը` Անգլիայի առաջնության երեք հանդիպումներում խփելով չորս գոլ: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա օգնել լոնդոնցիներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Բրագայի հետ կայանալիք հանդիպմանը, ինչպես նաև բաց կթողնի Պարտիզանի հետ կայանալիք արտագնա խաղը և, հնարավոր է, հոկտեմբերի 19-ին Դոնեցկի Շախտյորի հետ կայանալիք հանդիպումը:
Հարձակվողը չի մասնակցելու նաև հոկտեմբերին Չելսիի հետ կայանալիք խաղին և Եվրո-2012-ի ընտրական փուլի Չերնոգորիայի հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
armsport.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR